ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ԻՆՉՆ ԷԼ ՄԱՏՉԵԼԻ Է, ԵԹԵ ՄԱՏՈՒՑԵՍ ԻՐԵՆՑ ԱՓՍԵՈՎ»

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ԻՆՉՆ ԷԼ ՄԱՏՉԵԼԻ Է, ԵԹԵ ՄԱՏՈՒՑԵՍ ԻՐԵՆՑ ԱՓՍԵՈՎ»
24.01.2012 | 00:00

«Կեղտոտ բծեր», «Որտեղից որտեղ», «Լույսի մասին», «Վերջին նամակ»… Ռոք-երաժիշտ ԳՈՌ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ մեծ թվով երգերի հեղինակ է: Հեղինակային երգերից զատ, ժամանակակից ոճով ներկայացնում է ազգային երգեր ու հոգևոր երաժշտություն:
Ծնվել է Վանաձորում: Երաժշտական կարիերան սկսել է 1993-ից «Snack» խմբի կազմում: 1996-ին Մհեր Մանուկյանի հետ ստեղծել է «Լավ էլի» խումբը: 2001-ից գործել է որպես անհատ երաժիշտ:
«Snack»-ը 1995-ին թողարկել է 17-երգանոց ալբոմ, 1996-ին` «Լավ էլի»-ի 3 ալբոմ, 22- երգանոց կրկնալբոմ, 1999-ին` հաջորդ ալբոմը և 2003-ին` «Լավ էլի»-ի ամերիկյան թողարկումը: «Սրանք փաստեր են, որոնցով մենք հպարտանում ենք. ուրիշ ոչ մի հայկական խումբ այդքան կարճ ժամանակահատվածում նման արդյունավետություն ցույց չի տվել»,- ասում է Գոռ Մխիթարյանը:
Այժմ բնակվում է ԱՄՆ-ում` Կալիֆոռնիայի նահանգի Բըրբենք քաղաքում, ուր հիմնել է իր սեփական «Gor Music» երաժշտական ստուդիան: Թողարկել է 7 ձայնասկավառակ, արժանացել է 14 մրցանակի:


-Գոռ, հայերե՞ն են Ձեր երգերը և ինչո՞վ են առանձնանում:
-Հիմնականում հայերեն են, միայն մեկ ալբոմ ունեմ անգլերեն (ամենաշատ վաճառվածը), որը թողարկել եմ 2005-ին: Ստեղծագործում եմ հիմնականում ալտերնատիվ ֆոլկ ռոք ժանրում, սակայն չեմ սահմանափակվում դրանով: Հեղինակային ժանրերից մինչև ֆանկ և քանթրի շոշափել եմ, ընդհանրապես, սխալ եմ համարում արվեստի մեջ կաղապարվելը: Իսկ իմ երգերի առանձնահատկությունը, հավանաբար, ճոռոմաբանությունից ու ավելորդ պաթոսից խուսափելն է, ես երգում եմ պարզ ու մատչելի, հուսով եմ` գրագետ հայերենով, ու ամեն ինչի մասին, հնարավորինս փոքրացնելով կատարող-ունկնդիր հեռավորությունը:
-Հայ երգը որքա՞ն է հարազատ օտարերկրացիներին: Կարո՞ղ ենք հետաքրքրություն առաջացնել, նոր բան ասել:
-Օտարերկրացիների համար ամեն ինչն էլ համեմատաբար մատչելի է, եթե մատուցես իրենց ափսեով: Նույնիսկ ամենահայկական գործիքը` դուդուկը, հիմնականում ավելի հեշտ են ընկալում, եթե իրենց արդեն ծանոթ գործիքավորման ուղեկցությամբ է հնչում (շնորհակալություն Փիթըր Գաբրիելին): Նույնն էլ վերաբերում է հայերեն երգերին: Օտարալեզու երաժշտությունն արդեն իսկ փոքր լսարան ունի ԱՄՆ-ում, այդ առումով նախապատվությունը տրվում է, օրինակ, իսպաներենին: Որևէ նոր բան ասելու համար կարգին պիտի քրտնենք, մանավանդ, եթե այս ձևով շարունակվի: Մեր ազգագրական համույթներն ավելի մեծ հնարավորություն ունեն ամերիկացիների հետաքրքրությունը շարժելու, քան ժամանակակից արտիստներն ու խմբերը, որոնց համար դեռես 1985 թվականն է Հայաստանում:
-Թե՛ մեզ մոտ, թե՛ դրսում ռաբիսը մասսայականություն է վայելում: Դա՞ են ավելի շատ մատուցում, թե՞ պահանջարկն է այդպիսին:
-Եկեք խոստովանենք, որ Հայաստանն այս պահի դրությամբ եվրոպական երկիր չէ և ավելի շատ կրում է հարևան երկրների մշակույթի, այս պարագայում` նրանց էժանագին մասսայական երաժշտության ազդեցությունը: Չեմ կարծում, թե առանց պետական միջամտության կարող է որևէ բան փոխվել, իսկ քանի դեռ հստակ մշակութային քաղաքականություն չկա ձևավորված, ռեստորանային երաժշտությունը կշարունակի հնչել եթերից և կմնա դոմինանտ: Դե, սփյուռքն էլ հիմնականում Հայաստանի խոնարհ հետևորդն է, քանի որ համալրվում է հայաստանցի ներգաղթյալների հաշվին:
-ՈՒնե՞ք որևէ այլ մասնագիտության, աշխատանքի անհրաժեշտություն:
-Ես նաև կիթառ եմ դասավանդում:
-Կապ ունե՞ք հայ հեղինակային երգի, նաև դրսի վարպետների հետ:
-Արմեն Մովսիսյանն իմ մտերիմ ընկերն է, շատերին էլ ճանաչում եմ, բայց անմիջական շփում չունեմ:
-Արմեն Մովսիսյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ հեղինակային արվեստը «դինոզավրերի արվեստ» է, վաղ թե ուշ վերանալու է, լավագույն դեպքում հնչելու է ակումբներում` փոքր լսարանի համար:
-Ճիշտն ասած, չեմ զարմանում, այս պահի դրությամբ իրոք մեծ լսարան չունի: Ես երբեք էլ աչքի չեմ ընկել ապագան գուշակելու կարողությամբ, բայց ինչ-որ ժամանակ հեղինակային ժանրը գուցե վերածնունդ ապրի: Հիմա բավականին մեծ թվով հեղինակ կատարողներ կան, թող ամեն մեկն իր գործը բարեխղճորեն անի, ու տեսնենք` ինչ կստացվի:
- Ձեր վերջին ձայնասկավառակը` «Հոգին», բացառիկ նախագիծ է, որն իրականացվել է հայ եկեղեցու հետ («Հայր մեր» տերունական աղոթքի կատարումը ակուստիկ կիթառով, Նահապետ Քուչակի հայրենները ֆանկ-ռոք ոճում): Քննադատություններ չե՞ն եղել:
-Պահպանողականների համար, իհարկե, ամեն մի նոր բան վտանգ է պարունակում, հետևաբար քննադատում են: Փառք Աստծո, ես նրանց կարծիքը սովորաբար չեմ հարցնում ձայնագրվելուց առաջ:
-Դուք է՞լ եք այն կարծիքին, որ մեր օրերում երաժշտությունը վերածվել է զվարճանքի` էժանագին շոուների տեսքով:
-Երաժշտության մասին ձևակերպումները թողնելով արվեստաբաններին` ես կասեմ այսպես` երաժշտությունը նաև զվարճանք է: Եթե այն դիպչում է սրտիդ, ուրեմն հասել է իր նպատակին: Ոչ ոք չի կարող մոնոպոլիզացնել այն և պարտադրել, որ լսես խոհափիլիսոփայական երաժշտություն, որը ստիպում է հուզվել, մտածել: Դա, իհարկե, շատ լավ տարբերակ է, բայց ո՛չ պարտադիր: Իսկ մեր օրերի էժանագին շոուները մասսայական մշակույթի անբաժանելի մասն են:
-Ի՞նչ կա մեզ մոտ, որ չկա դրսում: Եվ` հակառակը:
-Հայաստանում կա հիանալի ազգագրական խումբ` «Շողակն» անսամբլը, Հայաստանում են պկուահար Կարեն Հակոբյանը, երգչուհի Լիլիթ Դանիելյանն իր «Հայրեններ» ալբոմով, Լիլիթ Պիպոյանը: Այս մարդկանց շնորհիվ ես կարող եմ հպարտ հայտարարել, որ նրանցից չկան դրսում: Իսկ դրսում կա նորություն, որը միշտ ուշացումով է այցելում Հայաստան:
-Կվերադառնա՞ք Հայաստան:
-Հավանաբար:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ